Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է. հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել»,- գրել է նա։
Իսկ Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջը լրացնում է, որ ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են:
« Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով»,- գրում է ՊԲ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդն Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հայկական կողմն ունի 83 զոհ։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Եռօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: