Այսօր ընդլայնված աշխատանքային նիստ եմ հրավիրել: Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հանձնարարել եմ Երևանում ձևավորել օպերատիվ շտաբ, որը ՀՀ մարզերում կունենա աշխատանքային խմբեր և կզբաղվի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով: Հորդորում եմ երիտասարդներին ձևավորել կամավորական խմբեր՝ շտաբի աշխատանքներին աջակցելու համար: Անկախ հանգամանքներից, յուրաքանչյուր արցախցի պետք է իր նկատմամբ զգա կառավարության ամենօրյա ուշադրությունը:
Պաշտպանության բանակը՝ աշխարհազորի հետ միասին, շարունակում է դիմագրավել թշնամու հարձակողական գործողություններին՝ ամեն օր պատճառելով նրան կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Թե՛ մեր բանակը, թե՛ ազգաբնակչությունը շատ լավ պատկերացնում են և՛ այս պատերազմի դժվարությունները, և՛ այն երկարաժամկետ կտրվածքում հաղթահարելու խնդիրները: Առիթից օգտվելով՝ մեկ անգամ ևս դիմում եմ Մայր Հայրենիքում գտնվող բոլոր զինապարտ արցախցիններին՝ օր առաջ Արցախ վերադառնալու և իրենց եղբայրներին թև ու թիկունք կանգնելու կոչով: Բոլորս մեր վարքի և դրսևորած պահվածքի համար պատասխան ենք տալու առաջին հերթին հանրության առջև»։
RUS ENG ⬇️Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդլայնված աշխատանքային նիստ եմ հրավիրել: Ստեղծված պատերազմական իրավիճակը…
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Среда, 21 октября 2020 г.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: