Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիներն այսօր իրենց բողոքի ցույցն ԱՄՆ դեսպանատան դիմաց են տեղափոխել։ Նրանց պահանջն անփոփոխ է․ ճանաչել Արցախի անկախությունը ու դատապարտել թուրք- ադրբեջանական ագրեսիան։
Արցախցի կանայք խաղաղություն են ուզում և պահանջում, որ այդ հարցում աշխարհը չլռի։
«Պահանջում ենք վերջ դնել այն ահաբեկչությանը, որն այսօր տեղի է ունենում Արցախում։ Եկել ենք ԱՄՆ-ից պահանջելու, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ, իսկ որպես համանախագահ երկիր, միջամտի կոնֆլիկտի կարգավորմանը»,- ասաց արցախցի կինը։
Նրանք պահանջում են, որ ԱՄՆ-ի դեսպանն իջնի և լսի իրենց բարձրացրած խնդիրը։
«Այլևս անհնար է լռել։ Քրոջս տունը պատերազմի առաջին օրերին թուրքի անօդաչու թռչող սարքից ավիրվել է։ Մենք չենք լռելու, մեր բնակավայրերն ավիրում են միջազգային օրենքով արգելված զենքերով։ ԱՄՆ-ը շարունակում է լռել, երբ Թուրքիան հայտարարում է, թե եթե պետք լինի, կներքաշվի պատերազմի մեջ։ Թուրքիան արդեն ներքաշվել է պատերազմի մեջ։ Մենք Թուրքիային երբեք չեն դիտարկել որպես հակամարտող կողմ, չկա նման կեղծ օրակարգ։ Այլևս չենք հանդուրժելու երկակի ստանդարտներ։ Եթե աշխարհի մի անկյունում մեկ մարդու քթից արյուն է գալիս, ԱՄՆ-ն պաշտպանական ելույթներով է հանդես գալիս, ո՞ւր եք դուք, ինչո՞ւ եք լռում»,- ասաց բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից։
Արցախցիները սրտնեղում են, որ այսօր ահաբեկչություն է իրականացվում իրենց հայրենքիում, բայց Եվրոպան իր երկչոտ հայտարարություններով, իսկ ԱՄՆ-ն իր լռությամբ սատարում են ահաբեկչությանը։
Արցախից եկած Սիրանուշ Սարգսյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո կան ապացույցներ, որ Արցախի դեմ կռվող ադրբեջանցի զինվորականներն Ամերիկայում են կրթություն ստանում։
Արցախցի կանայք ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին նամակ փոխանցեցին, կսպասեն պատասխանին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախից տեղափոխված կանայք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև ՄԱԿ-ի դիմաց։