ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի կարծում, թե ունենք մի իրավիճակ, որի պարագայում ստիպված ենք անցնել «լոքդաունի»։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա կոչ է արել պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցառումները, քանի որ դա ամենաարդյունավետ լուծումն է այս իրավիճակից դուրս գալու համար։
«Եթե ամփոփենք ոչ միայն Հայաստանի, այլև հարևան, եվրոպական երկրների անցած փորձը, ապա այս պահի դրությամբ կարծում եմ նման օրակարգ չենք ունենալու»,- բացատրեց փոխվարչապետը։
Գրիգորյանի խոսքով՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով իրականացվող 24 միջոցառումները շատ լուրջ դերակատարություն ունեցան ու իրավիճակը, առնվազն, եթե ոչ լիարժեք, վերականգնվեց։
«Կարծում եմ՝ խնդիրների չեզոքացման ֆունկցիան զգալիորեն կատարվեց։ Պետք է հաշվի առնենք՝ ծախսերը պետք է իրականացնել ոչ թե շատ, այլ՝ արդյունավետ», – ասաց նա։
Գրիգորյանը նկատեց, որ բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ նաև ռազմական դրությունը։
Անդրադառնալով Արցախից տեղափոխված քաղաքացիների խնդիրներին, նա նշեց, որ այս պահին դրանք ինչ-որ ձևով լուծված են։
«Մենք քննարկում ենք հարցը, որպեսզի ստեղծենք գործիքներ, որոնք այս հարցերին կտան ավելի կանոնակարգված լուծում, բայց, իհարկե, դա պայմանավորված է նրանով, թե իրադարձությունները ինչպես կզարգանան», – հավելեց նա։