Հիմա մենք ունենք դադարի պահ: Այն շատ կարևոր է, որպեսզի մեր անվտանգային ողջ համակարգը բերենք այնպիսի վիճակի, որ հնարավոր զարգացումներին պատրաստ լինենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա նախ նշեց, որ բյուջեն իր մեջ այլևս այլ տրամաբանություն պետք է ներառի՝ թե՛ բանակի սպառազինության, թե՛ բանակի կառուցվածքի վերանայման առումով։
«Մեր ներքին և արտաքին խնդիրները փոխկապակցված են, և մենք պետք է դուրս գանք այս վիճակից՝ նվազագույն կորուստներով, չնայած կորուստները տարաբնույթ են և շատ մեծ, որպեսզի մեր թե՛ Պաշտպանության բանակը, թե՛ Զինված ուժերն այս հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս գան, որպեսզի պատրաստ լինենք մարտահրավերներին այն առումով, որ հակառակորդը հաստատ փորձելու է գտնել էլի տարբերակներ՝ իր առավելությունը զարգացնելու»,- նշեց նա։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտեց ԱԺ և կառավարություն ներխուժած մի խումբ քաղաքացիների արարքը։
Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ դրանք նախկին օլիգարխների զորախմբերն էին, որոնք այս երկու տարվա ընթացքում անհետացել էին, բայց մեկ կոճակով ինչ արագությամբ ներխուժեցին պետական կառավարման շենքեր՝ ավերելու և անհետացան։
Խոսելով Արցախի հարցով եռակողմ փաստաթղթից, Քոչարյանն ընդգծեց, որ տեքստի բովանդակությանը տեղյակ չէր, ինչպես տեղյակ չէին շատ-շատերը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի արցախցիները ոչ միայն լքեն Արցախն, այլ մնան իրենց տեղերում։
«Ավելին, մենք կավելացնենք իրենց անվտանգությունը թեկուզ ռուսական խաղաղապահների միջոցով։ Ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում Ադրբեջանն այնպես է արել, որ Ռուսստանը, որպես առանձին խաղաղապահ, չմտնի Արցախի տարածք»,- ասաց Անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։