Բացի սահմանային անվտանգությունից այս օրերին մենք առնչվում ենք տեղեկատվության անվտանգության խնդիրների հետ։ Այս մասին Ժողովրդի հետ իր զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը։
«Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով, ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- ասաց նա։
Օրինակ, ըստ վարչապետի, առավոտյան լրահոսից կարելի էր ենթադրել, որ Սյունիքի մարզում ողջ գիշեր մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո բոլոր գիշերներին, ռազմական առումով հանգիստ է անցել։
«Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության իսկական գործընթաց են սկսել Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ։ Տարածվում են ամենատարբեր սուտ և կիսասուտ տեղեկություններ, և սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի խորացումն ու խուճապ ստեղծելն է»,- նշեց վարչապետը, ապա բացատրեց, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, դրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մի պարզ պատճառով, որ իրադարձությունները զարգանում են, և քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրում, պաշտոնապես հայտարարված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։ Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է, և մենք հակազդեցության հստակ մեխանիզմներ ենք կիրառելու։