Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Մեղրի, ո՛չ միջանցք արտահայտություն չկա, կա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին պնդում: Այս մասին այսօր Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե այստեղ կա՞ն որոշակի կարմիր գծեր մեզ համար, որ, օրինակ, սա չի կարելի անցնել, Փաշինյանն ասել է, որ կարմիր գիծը ՀՀ տարածքային ամբողջականությունն է, սակայն օրինակ բերելով Վերին Լարսը՝ նշել է.
«Այդ ճանապարհը երեկ ամբողջությամբ փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար։ Օրինակ, եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ, նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի ու Ռուսաստանի հետ, դա մեր համար լա՞վ նորություն կլինի, թե՞ վատ: Եթե Նախիջևանով գնալու ենք Իրան, մենք ո՞նց ենք պատկերացնում, մենք ասելու ենք` Նախիջևանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան, դա հնարավո՞ր է»,- ասել է Փաշինյանը:
Հարցին, թե ինչպես է վերահսկվելու այդ հատվածը, Փաշինյանն ասել է, որ դա հետագա քննարկման առարկա է։
Ինչ վերաբերում է պատերազմը կանխելու հնարավորությանը, Փաշինյանն ասել է, որ իրենք կարող էին կանխել պատերազմը, մոտավորապես այս նույն արդյունքներով, ինչպես դադարեցվել է։ Դիտարկմանը, թե նաև Շուշին կորցնելով, Փաշինյանը նշել է.
«Ներառյալ Շուշին, ես այդ բանավեճն ընդհանրապես չեմ հասկանում։ Այդ ամբողջ բանակցային գործընթացում առանցքաին դրույթներից մեկը եղել է փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Չքննարկվող, անառարկելի։ Իսկ սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի համար կանխորոշվել է Նախիջևանի ճակատագիրը։ Ուրեմն մինչև ե՞րբ ենք ձև անելու։ Ասում ենք` համաձայն ենք, որ փախստականները վերադառնային Շուշի՝ 95 և ավելի տոկոսով ադրբեջանական բնակչությամբ Շուշի։ Մենք պիտի՞ փորձեինք դիմակայել ու դիմագրավել, որ մեր շահերն ավելի լավ ներկայացնեինք, պիտի՞ փորձեինք, թե՞՝ չէ, իմ կարծիքով՝ այո, միանշանակ։ Ունեինք հնարավորություն այդ շահերը պաշտպանելու, այո, ունեինք, որովետև հիմա ընդդիմախոսներն էլ են ասում, որ այդ պատերազմը հաղթելու հնարավորություն կար»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: