ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքվեց՝ արդյոք ինքնակամ շինությունների օրինականացումը դրակա՞ն մեսիջ է պարունակում, թե՞ բացասական։
«Ես ինքս հասկանում եմ, որ այն բացասական մեսիջ է պարունակում, այսինքն՝ զոռբաները, առիթից օգտվողները սարքում են, անունը դնում են ինքնակամ»,-նշեց Աղազարյանը Կադաստրային արժեքների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ խնդրելով պատասխանել հարցին՝ արդյո՞ք մենք մեսիջ ենք տալիս քաղաքացիներին, որ ինքնակամ շինություններ կառուցելուց հետո իրենց համար լավ կլինի։
Կառավարության ներկայացուցիչը նշեց, որ օրենսդրական կարգավորումներն այս առումով բավականին թույլ են, այդ պատճառով Կառավարությունում քննարկվում են համապատասխան կարգավորումները, որ ինքնակամ շինությունների հետ կապված խնդիրներ չունենանք։ «Այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում լինելու է այն, որ այդ շինությունները միանգամից քանդելու ենք»,-նշեց վերջինս։
Նշենք, որ սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկ վճարողների շրջանակը, անշարժ գույքի հարկով հարկվող օբյեկտը և հարկման բազան, անշարժ գույքի հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը: