ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ՝ նշելով, որ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան։
«Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, որ բողոքի ակցիաներին միացել են զինվորականները։ Ըստ նախաձեռնության հրապարակած տեսանյութի՝ ցուցարարներին միացել են մոտ 20 պայմանագրային զինծառայող։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի՝ սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։
Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում, Երևանում։ Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա 28 սահմանային սյուն է տեղադրվել։
Ապրիլի 26-ին Կիրանց գյուղի մոտ բախում էր տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։