Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը:
Նշենք, որ նոյմեբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից հետո միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատերազմական գործողությունների գոտուց դուրս բերել զոհված զինծառայողների աճյունները։