Խորհրդարանը երկրորդ ընթերմամբ ընդունեց ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո որոշ փոփոխություններ է կրել:
Նախագծի ընդունմամբ սահմանվում են ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը: Առաջարկված փոփոխություններից մեկը վերաբերում է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման կարգին. սահմանվում է, որ այդ հաստատությունները կարող են ֆինանսավորվել ոչ միայն աշակերտների, այլև դասարանների թվով: Այս կարգը կգործի փոքրաթիվ համայնքների դպրոցներում:
Երկորդ ընթերցմամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Ըստ այդմ՝ ճանապարհային ոստիկանի կողմից արձանագրված խախտումների դեպքում վարորդից տուգանային միավորներ հանելու մասին որոշման կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը: Իսկ մինչ այդ տուգանային միավորներ կշարունակեն հանվել միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների դեպքում:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել 2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման օբյեկտների շարքում:
Մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ընկերությունների ստեղծմանը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքի նախագծի նպատակն է պաշտպանել և խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվում է բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար սահմանել պետական տուրքի գծով արտոնություն, եթե կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ:
Երկորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ: Գործադիրն առաջարկում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով: