Պատերազմի ավարտից անցել է գրեթե 3 ամիս, սակայն Հայաստանում պահպանվում է ռազմական դրությունը։ Նախորդ քննարկումներից մեկի ժամանակ, երբ մենք խոսում էինք ՌԴ մասին, հանձնաժողովում Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հայտնեց, որ կան որոշակի զորահավաքային և նմանատիպ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշմամբ։
Իսկ ԱԺ-ում այդ հարցը քննարկելիս մեզ ասացին, որ ռազմական դրության վերացումն ընդամենը օրերի հարց է։ Դրանից անցել է 2 ամիս, բայց մենք ռազմական դրության պայմաններում ենք ապրում։ Այս մասին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Պարոն վարչապետ, եթե դուք լինեիք ինստիտուցիոնալ ներդրող, ապա արդյո՞ք ներդրում կկատարեիք ռազմական դրության մեջ գտնվող երկրում»,- հարցրեց Խաչատրյանը։
Վարչապետի փոխարեն պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․
«Ոչ արտակարգ, ոչ ռազմական դրության պահպանումը, բնականաբար, ինքնանպատակ չի կարող լինել։ Այսօր էլ ԱԺ-ում հնչող հարցերը անվտանգային միջավայրին էին վերաբերում։ Այն պահից սկսած, երբ ռազմական դրության հիմքերը կվերանան, անմիջապես կվերացվի նաև ռազմական դրությունը։
Իսկ ինստիտուցիոնալ ներդրումներին խոչընդոտում է ոչ թե հենց արտակարգ կամ ռազմական դրությունը, այլ փաստական կազմը, որն ընկած է դրանց հիմքում»,- ասաց Բադասյանը։