Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հասարակության մի ստվար զանգված պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«GALLUP International association»-ի նախորդ օրերին իրականացրած հարցման արդյունքում հարցվածների 38,8 տոկոսն է կարծում, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել, 43,6 տոկոսը կարծում է, որ նա պետք է հրաժարական տա, 17,6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Այս մասին հայտնել է «GALLUP International association»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ի դեպ՝ նոյեմբերի 13-ին կատարած նույնատիպ հարցման ժամանակ քաղաքացիների միայն 35 տոկոսն է ցանկացել վարչապետի հրաժարականը, իսկ դեկտեմբերի հարցմանը՝ 45,3 տոկոսը:
«Պե՞տք է արդյոք գնալ արտահերթ ընտրությունների, թե ոչ» հարցին հարցվածների 37,1 տոկոսը պատասխանել է, որ պետք է, 21,3 տոկոսը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ է, 13,6 տոկոսը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ չէ, իսկ 19,7 տոկոսը նշել է, որ անհրաժեշտ չէ:
«Ընտրությունների կազմակերպման ո՞ր տարբերակն են նախընտրում քաղաքացիները» հարցին նրանց 41,2 տոկոսը պատասխանել է, որ դրանք պետք է անցկացվեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 28,2 տոկոսը կարծում է որ պետք է անցկացնել ընտրություններ՝ առանց Փաշինյանի, 7,9 տոկոսը նշել է, որ դրանք պետք է անցկացվեն ընդդիմության կողմից առաջարկված ժամանակավոր կառավարության ղեկավարությամբ:
«Դիտե՞լ են արդյոք քաղաքացիները ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ծավալուն հարցազրույցները» հարցին ի պատասխան հարցվածների 26 տոկոսն ասել է, որ դիտել է Սերժ Սարգսյանի, իսկ 35,1 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները:
«Ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը» հարցին մարդկանց 33,1 տոկոսը պատասխանել է «Իմ քայլը», 4,4 տոկոսը՝ Բարգավաճ Հայաստան, 2,6 տոկոսը՝ Լուսավոր Հայաստան, 2,2 տոկոսը՝ Հանրապետական, 2,2 տոկոսը՝ ՀՅԴ, 0,7 տոկոսը՝ Հայրենիք, 0,4 տոկոսը՝ Սասնա ծռեր, 0,2 տոկոսը՝ ՔՈ կուսակցությանը: 27,2 տոկոսը ոչ մեկի օգտին չի քվեարկի:
Նշենք, որ հարցվածների 89,1 տոկոսը չի պատրաստվում մասնակցել փետրվարի 20-ին նախատեսված Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին, 9,4 տոկոսը պատրաստվում է մասնակցել, իսկ 1,5 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Իսկ մայրաքաղաքի բնակիչներից միայն 12 տոկոսն է որոշել գնալ հանրահավաքի:
Հարցված քաղաքացիների 32 տոկոսը կարծում է, որ Արցախյան երրորդ պատերազմում պարտության մեղավորներն են նախկին իշխանությունները, 28,8 տոկոսը գտնում է, որ դա Փաշինյանն ու իր քաղաքական թիմն են, 16,1 տոկոսը համոզված է, որ դա Թուրքիայի ռազմական աջակցությունն է Ադրբեջանին, 10,2 տոկոսը չի համարում, որ Հայաստանն ու Արցախը պարտվել են, իսկ 4,4 տոկոսը գտնում է, որ ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ առանձին սպաներ են մեղավոր:
«Ինչի՞ն պետք է ձգտի Հայաստանը ղարաբաղյան հարցի առնչությամբ» հարցին ի պատասխան մարդկանց 30,7 տոկոսը նշել է Շուշին, Հադրութն ու 7 շրջանները վերադարձնելու, 27,7 տոկոսը առկա սահմաններով վիճակը կայունացնելու, 20,2 տոկոսը Շուշին ու Հադրութը վերադարձնելու մասին: Իսկ 3,1 տոկոսը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ընդունման, Արցախի ամբողջական հանձնման կողմնակից է:
«GALLUP International association»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նաև քաղաքական գործիչների վերաբերյալ գնահատականները, որտեղ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,8, Արմեն Սարգսյանը՝ 2,3, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7, Ռոբերտ Քոչարյանը՝ 2, Սերժ Սարգսյանը՝ 1,7, Գագիկ Ծառուկյանը՝ 2,2, Էդմոն Մարուքյանը՝ 1,8, Արթուր Վանեցյանը՝ 1,5, Վազգեն Մանուկյանը՝ 1,6, Իշխան Սաղաթելյանը՝ 1,6 բալ:
Հետազոտությունն անցկացվել է 2021 թվականի փետրվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 801 մարդ Հայաստանի ողջ տարածքում: