ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:
Նախագիծը զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոփոխվել, սակայն, այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ, փոխվել են ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, կենսապահովման զամբյուղի չափերը:
Վահե Դանիելյանի ներկայացմամբ՝ նոր փոփոխությամբ՝ առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Գործող օրենքով այդ սահմանափակումը չի եղել:
Սահմանվել է նաև պետական տուրքի առավելագույն չափը՝ Վերաքննիչ դատարանում 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ:
Իսկ դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափը 6000 դրամ է սահմանվել:
Նա նշեց, որ արբիտրաժի վճռի կատարողական թերթի համար արտոնություն է սահմանվել՝ այսուհետ գումար չի գանձվելու, մինչդեռ գործող օրենքով գանձվում էր որոշակի գումար:
Պետական տուրքից ազատվում են նաև հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում:
«Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով նվազագույն սպառողական զամբյուղը: Պետական տուրքը դատարանների ծախսերի ապահովումն ու անհիմն հայցերից պաշտպանվածությունն է: Հետևաբար՝ պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ: Երբ պետական տուրքը չհիմնավորված ցածր է, քաղաքացիներն ավելի ոչ պաշտպանված են, քանի որ իրենց դեմ կարող են չհիմնավորված հայցերով դատարան դիմել: Նոր դրույքաչափերի սահմանումը կթոթափի նաև դատարանների ծանրաբեռնվածությունը և ողջամիտ ժամկետ կսահմանվի այն քաղաքացիների հայցապահանջների համար, որոնք արդարացիորեն դիմել են դատարան իրենց իրավունքների վերականգնման համար»,- ընդգծեց փոխնախարարը։
Նշենք, որ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։