Ռուս խաղաղապահներն աջակցել են Լաչինի ՀԷԿ-ի աշխատանքների վերսկսմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերսկսվել է Լաչինի ՀԷԿ-ի աշխատանքը։ Ներկայումս ռուս խաղաղապահներն ապահովում են էներգետիկ անվտանգությունը, նպաստում, որ համակարգերի սպասարկման աշխատանքներն անխափան իրականացվեն։ Այս աշխատանքները թույլ են տալիս էլեկտրաէներգիա մատակարարել մոտակա բնակավայրեր, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաք»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահված անձանց և զոհվածների մարմինների փոխանակում։