ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Գևորգյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե քննարկվում է Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն էլ ավելի է սրվել ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունից հետո: Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ծաղրել է վարչապետին, ինչի համար նրան աշխատանքից ազատել են: Հինգշաբթի առավոտյան Հայաստանի զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը սա համարել է հեղաշրջման փորձ և կոչ արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց: Այդ ընթացքում ընդդիմությունը բարիկադներ է կանգնեցրել և վրաններ տեղադրել խորհրդարանի մոտ, նրանք տրամադրված չեն իշխանությունների հետ բանակցությունների և պահանջում են վարչապետի հրաժարականը:
Այդ ամենից հետո սկսեցին լուրեր շրջանառվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնանկության վերաբերյալ: