Լեռնային Ղարաբաղից շուրջ 30 ուխտավոր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել է Ամարասի քրիստոնեական վանք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։ Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թ․ նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: