ՀՀ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի անունից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին հանձնել է «1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշամեդալ և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ պատվոգիր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնասպորտային համալիրում մարտի 3-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բարձր պարգևի է արժանացել քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության և Հայրենական Մեծ պատերազմի վետերանների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցության համար:
Շնորհավորելով Ընկերության աշխատողներին՝ դեսպան Կոպիրկինն ընդգծել է, որ այս պարգևը խորհրդանշական է, քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն կարևոր և հանգուցային գործընկեր է դեսպանատան հովանու ներքո կազմակերպվող սոցիալական և մշակութային տարատեսակ միջոցառումների անցկացման հարցում:
Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի դեսպանին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ Հրանտ Թադևոսյանը նշել է, որ ընկերությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը դեսպանության հովանու ներքո իրագործվող նախագծերի շրջանակում:
ՌԴ դեսպանին ներկայացվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված խոշորածավալ ներդրումային ծրագրերը, ֆինանսատնտեսական ցուցանիշները, ինչպես նաև համառոտ շնորհանդես Ուսումնասպորտային համալիրի գործունեության վերաբերյալ: