Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ապրիլի 2-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի սահմանին հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը եւ տարածքները ճշգրտելու, ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմաններն ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։
Աշխատանքային խմբի ղեկավարն է մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, անդամներն են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓ վարչության, մարզի համայնքների ներկայացուցիչները, մարզպետարանի հողաշինության ու գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները։
Ապրիլի 5-ից աշխատանքային խումբն արդեն սկսել է այցը մարզի սահմանային բնակավայրեր, աշխատել Վաղատուր, Խոզնավար, Խնածախ, Քարաշեն, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ գյուղերում, աշխատանքային ծանրաբեռնվածության թույլտվության դեպքում նրան է միանում նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը (Տեղում, Կոռնիձորում)։
Մարզպետը, խմբի ղեկավար փոխմարզպետն ու անդամները հանդիպում են բնակիչների հետ, լսում նրանց, քննարկում խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են արոտավայրերին, սահմանների ճշգրտմանը, ապօրինի զենք-զինամթերքի հավաքման կարեւորությանը, այդ գյուղի դիրքերում տվյալ գյուղի բնակիչներին որպես պայմանագրային զինծառայող ընդգրկելու հարցին, որը դեռ օրենսդրական կարգավորումերի կարիք ունի։
Առաջիկա օրերին այցերը կշարունակվեն. խումբը կլինի Գորիսի տարածաշրջանի մյուս սահմանային գյուղերում, այնուհետեւ Կապանի եւ Մեղրու գյուղերում։