Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ այսօր քննարկել է Հայաստանի հարավում ԵՄ-ի աջակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Սյունիքը մշտապես եղել է ԵՄ-ի ուշադրության կենտրոնում, և այդ առումով ձևավորվել է եվրոպական կառույցների հետ համագործակցության բավական լավ ավանդույթ, ինչը վստահություն է ներշնչում հետագա նախաձեռնությունների հաջողության հարցում։ Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շեշտել է Հայաստանի հարավում, մասնավորապես՝ Սյունիքում առկա խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերի և այդ համատեքստում ԵՄ-ի ու ՀՀ-ի համագործակցության կարևորությունը։
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավարՎասիլիս Մարագոսիմ խոսքով՝ Հայաստանի առջև համավարակով և պատերազմով պայմանավորված մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից կարևոր է համախմբել բոլոր ուժերը, ընդլայնել համագործակցությունը՝ օգտվելով բոլոր առկա հնարավորություններից: