ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»,- հայտնել է պատգամավորը։
Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից, ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն նաև կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու ու խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով։
Կոմիտեի կարծիքով, վերջին ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար:
Կոմիտեն երկու կողմերին էլ կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ` եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու ու խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով։