Այս պահին փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ խողովակներով, ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փոխօգնության պայմանագրի շրջանակներում նաև ռազմական օգնության հարցով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Այս պահին Արտահերթ ընտրությունները չեղարկելու հարց չի քննարկվում»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ կա ավելի կարևոր հարց։
Խոսելով ՀԱՊԿ-ից ակնկալիքների մասին, Սիմոնյանն ասաց, որ սա նաև ՀԱՊԿ տարածք է, սպասելի են և՛ արձագանք, և՛ քայլեր կազմակերպությունից։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել:
Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից:
Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: