ԱԺ-ում ընթանում է արտահերթ նիստ՝ նվիրված Հայաստանի սահմանազատման վերաբերյալ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հայտարարված փաստաթղթի քննարկմանը։ Օրակարգում հայ–ադրբեջանական սահմանի վերաբերյալ ենթադրյալ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցն է։
«Ես կոռեկտ չեմ համարել, որ աշխատանքային փաստաթուղթը, որ քննարկման փուլում է, հրապարակվի, որն անհարմար իրավիճակի մեջ կդնի կառավարությանը, բայց քանի որ այն հրապարկվեց ընդդիմության կողմից, ապա ասեմ, որ այն միակ աշխատանքային փաստաթուղթն է, որն օրուկես կամ երկու օր է՝ գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ»,- այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ այդ փաստաթղթի ամենակարևոր դրույթն այն է, որ սահմանային իրադրությունը լուծվում է ոչ թե զորքերի փոխադարձ շարժերով, այլ դիվանագիտական- քաղաքական ճանապարհներով։
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց նաև, որ սա նոր գաղափար չէ։ Ադրբեջանն առաջարկել է գործընթացը սկսել երկկողմ ֆորմատով, բայց, քանի որ Հայաստանը Ադրբեջանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ապա որոշվել է եռակողմ ձևաչափով հանձնաժողով ստեղծել, որում կընդգրկվի նաև ՌԴ-ն։