«Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած ակցիայի մասնակիցները պահանջել են՝ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը մայիսի 21-ին հանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքից շարժվել էին դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:
Աշոտյանը նշեց, սահմանազատման վերաբերյալ քննարկված փաստաթուղթն ունի գաղտնի լրացում, որը, ըստ նրա, վերաբերում է Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի մարզերին:
Աշոտյանը բարձրաձայնեց ակցիայի մասնակիցների պահանջները, այն է՝ դադարեցնել բանակցությունները Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող ցանկացած փաստաթղթի շուրջ:
Նա նշեց նաև արտգործնախարարի հնարավոր պաշտոնանկության մասին տեղեկությունները: «Մենք պահանջում ենք, որ ԱԳ նախարարը հրաժարական չտա, քանի դեռ չի ընդունել մեզ», – ասաց Աշոտյանը:
Ըստ նրա ՝ ակցիայի մասնակիցները պահանջում են վաղը ընդունել քաղաքական կուսակցությունների պատվիրակությանը և «պարզ տեքստով» պատմել, թե ինչի շուրջ է բանակցել Նիկոլ Փաշինյանը, ինչ գիտի նախարարը և ինչու է ուզում հրաժարական տալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը հայտարարություն էր տարածել, որում իշխանություններից պահանջում էր անհապաղ հրապարակել Ադրբեջանի հետ սահմանազատմանն ու սահմանանշմանը վերաբերող փաստաթղթի տեքստը: