Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 2021թ. մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:
Արման Թաթոյանը կարևորել է հատուկ զեկուցողի հարցով ԵԽ նախաձեռնությունը և այցը Հայաստան: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հատուկ զեկուցողի այցը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներ, քանի որ առանց տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու, բնակիչների հետ հանդիպելու զեկույցը չի լինի ամբողջական, օբյեկտիվ ու լիարժեք:
Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը ներկայացրել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները:
Միջազգային կառույցներին են ուղարկվել շուրջ 300 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի, արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ:
Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Ավելին, այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կայացրած հանցագործություններն ունեն էթնիկ շարժառիթներ և խրախուսվում են իշխանության մարմինների կողմից, հաստատված է նաև ՄԻԵԴ մի շարք վճիռներով։
Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է տեղահանված անձանց նվազագույն կենսաապահովման պայմանների և սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրները և ընդգծել միջազգային հումանիտար աջակցության խիստ կարևորությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված վայրերում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման քաղաքականության՝ ներկայացնելով կոնկրետ օրինակներ։
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները կարևորել են Եվրախորհրդի մարմինների դերը հետպատերազմյան ժամանակահատվածում մարդու իրավունքների վերականգնման ու նոր խախտումներ թույլ չտալու հարցում:
Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: