Կառավարության նիստից առաջ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ներկայացրեց մարզի՝ Ադրբեջանին սահմանակից հատվածներում տիրող իրավիճակը։
«Եկել են, սահմանը խախտել են ու նստել են իրենց նշված տեղերը»,-ասաց մարզպետը։ Հարցին, ո՞րն է իրենց նշված տեղերը, մարզպետը պատասխանեց. «Հիմա քչացել է, Սև լճի հատվածում իրենց մոտ մեր 4 պոստերն են, ամեն պոստում թող լինի 20-25 հոգի»։ Պողոսյանը նշեց, որ կրակոցներ չկան։ Հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը չի գերեվարում թշնամու զինծառայողներին, Պողոսյանն առաջարկեց հարցն ուղղել ԶՈւ-երին։
Սյունիքում ընդհանուր իրավիճակը նա նորմալ համարեց. «Կրակոցներ չկան, և՛ հակառակորդը, և՛ մենք նստած ենք մեր նշված հատվածներում»։
Նշենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։