ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև՝ դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։
Կոմիտեի նախագահի հրամանով ՔԿ ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է.
– ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև՝ դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին արագ արձագանքել և կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը։
– անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին՝ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի վերաբերյալ։
– Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնում և տարածքային ստորաբաժանումներում հունիսի 20-ին սահմանել շուրջօրյա հերթապահություն։
Աշխատանքային խմբի աշխատանքները կհամակարգեն քննչական կոմիտեի նախագահի տեղակալները։