Մասնավորապես՝ համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է, որ համայնքի սեփականությունը հանդիսացող 1.0հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Ա․ Սարգսյանին՝ 150․000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալը, առանց սեփականատիրոջ համաձայնության, 0.02հա մակերեսով հողամասը ենթավարձակալության է տրամադրել «Արմենիա Թելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին 115․000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։
Համայնքի սեփականությունը հանդիսացող 0.142հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտ գործառնական նշանակության հողամասը, որը վարձակալությամբ տրամադրված է քաղաքացի Հ. Համբարձումյանին 3150 դրամ վարձավճարով, սեփականատիոջ համաձայնությունը ստանալով՝ վարձակալը 0.02հա մակերեսով ենթավարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 35.000 դրամով։ Վերջինս էլ առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ ինքնակամ կառուցապատել է (բջջային կապի աշտարակ)։
Արձանագրված խախտումները հետևյալն են․
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ենթավարձակալության են տրամադրվել՝ խախտելով նպատակային նշանակությունը և տրամադրվել են ավելի մեծ արժեքներով։
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում՝ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի նկատմամբ պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։