«Թռիչք կկվի բնի վրայով». Կեն Կիզիի այս վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրացավ։ Մինչ այս վեպն առավել ճանաչված է եղել բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին դասված Միլոշ Ֆորմանի ֆիլմով, որում բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ Մակ Մըրֆիի դերը մարմնավորեց Ջեք Նիկլսոնը:
Արդեն հայկական բեմում վերոնշյալ հերոսին մարմնավորում է Արմեն Մարգարյանը։ Բեմադրության և վարկածի հեղինակը ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է: Նկատենք, որ երևանյան այս ներկայացման համար հատուկ գրվել է հեղինակային երաժշտություն, որը հեղինակել է կոմպոզիտոր, դաշնակահար, ջազմեն Գարի Քյոսայանը։
Հետաքրքրական է, որ սա բեմադրիչի և կոմպոզիտորի երկրորդ համագործակցությունն է: Առաջինը՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումն էր:
«Այս անգամ էլ թեման, այսպես ասած իմն էր, և հաճույքով ընդունեցի Արմեն Էլբակյանի առաջարկը: Հատկապես, որ իր հետ աշխատելը շատ հեշտ է. երկուսս էլ արվեստին մեր յուրահատուկ մոտեցումն ունենք»,-շեշտել է Գարի Քյոսայանը:
Քյոսայանը ներկայացման համար երաժշտությունը գրել է երեք ամսվա ընթացքում։ Նրա երաժշտության միջոցով կերպարների ու բեմում ներկայացվող իրադարձությունների փիլիսոփայությունն ավելի ընկալելի է դարձել. «Ներկայացման առանցքային յուրաքանչյուր դրվագ իր երաժշտական թեման ունի: Կա գլխավոր թեմա, կան օժանդակ թեմաներ։ Երաժշտական ոճը՝ ջազի և դասականի միաձուլումն է։ Սակայն, կարևորն այն է, որ թեմաներն առանձին երաժշտական կտորներ չեն, որ կա երաժշտական դրամատուրգիա, և երաժշտությունն այս ներկայացման մեջ ևս կոչված է բացահայտելու մարդկային հոգեվիճակները»:
«Թռիչք կկվի բնի վրայով». սա պատմություն է այն մասին, թե ինչպես է մարդն ընդվզում հիվանդ իրականության դեմ և, զոհաբերելով ինքն իրեն, փորձում ապրելու հույս ներշնչել նրանց, ովքեր մոլորվել են և փախչում են իրականությունից։ Պատմում է, թե ինչ պետք է անի անհատն իր շուրջ տիրող քաոսից ազատվելու համար։
Աննա Կոստանյան