ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։ Այս մասին հայտնում են Դտախազությունից։
Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի որ յուրաքանչյուր դեպքում պատճառված վնասը չի գերազանցել քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն չափը։
Նյութերի ուսումնասիրությունը վկայել է, որ անհայտ անձի /անձանց/ կողմից ապօրինի ծառահատումների դեպքերը «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրաքանչյուր դեպքում արձանագրվել են առանձին-առանձին (մեկ կամ երկու ծառ) և դրանց վերաբերյալ ուղարկվել են առանձին գրություններ: Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը մասնագետների կողմից նույնպես տրվել է առանձին:
Բացի այդ, անհրաժեշտություն է համարվել գործուն քայլեր իրականացնել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում տեղ գտած բացթողումները, թերացումները վերացնելու ուղղությամբ, այդ թվում կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ: