Yerevan Jazz Fest-ն այս տարի մեկնարկեց աշխարհահռչակ ամերիկացի ջազմեն, «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Սթենլի Քլարքի և նրա ջազ բենդի համերգով:
«Ավանդական ու լատինամերիկյան ջազ. կատարելու ենք այն ամենն, ինչ մենք շատ ենք սիրում։ Ունեմ հազարավոր երգեր, և հաճախ դժվար է ընտրել՝ որը կատարել»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քլարքը։
Աշխարհահռչակ ջազմենը պատմեց, որ 16 տարեկանից նվիրվել է ջազին ու համերգներով շրջել աշխարհով մեկ. «Իմ երկար տարիների ճամփորդությունների և երաժշտական կարիերայի ընթացքում նկատել եմ, որ այն, ինչ մեզ հետևել է ստվերի պես, բռնությունն է ու վայրագությունը: Մեր ուղերձը և նպատակը մեկն է՝ սերը»:
Մինչ մենահամերգի մեկնարկը իր տպավորություններով մեզ հետ կիսվեց նաև խմբի անդամ թմբկահար Սալար Նեյդարը՝ պատմելով, որ հասցրել են լինել կասկադում և հիանալ երևանյան գեղեցկությամբ։
«Լոս Անջելեսում, Գլենդելում շատ ընկերներ ունեմ, որոնք ինձ համար հայկական երաժշտություն են նվագում, հայկական ջազ, որը շատ յուրահատուկ ոճի երաժշտություն է և ոգեշնչում է ինձ»։
Ծնունդով աֆղանստանցի երաժիշտն ապրում է Լոս Անջելեսում։ Քլարքի խմբում նա նվագում է տաբլա կոչվող հնդկական երաժշտական գործիքով. «Ջազը յուրահատուկ լեզու է, երկխոսություն. մեկը դա անում է դաշնամուրով, մյուսը՝ ֆլեյտայով, ես էլ՝ տաբլայով»։
Հավելենք՝ երևանյան ջազ փառատոնն անցկացվում է արդեն 5-րդ տարին՝ Ջազի հայկական ասոցիացիայի և Mezzo Production ընկերության աջակցությամբ։ Հանրահայտ ջազմեն Քլարքի մենահամերգը կայացավ նաև շնորհիվ Հայաստանում ԱՄՆ –ի դեսպանատան։ Միջազգային այս փառատոնի շրջանակներում մի քանի օր շարունակ մայրաքաղաքում ջազի սիրահարները կունկնդրեն տարբեր երկրներից ժամանած լավագույն ջազմեններին:
Աննա Կոստանյան