Գյումրին այն զարմանահրաշք վայրերից է, որ շատ տաղանդավոր ծնունդներ է տվել, Գյումրիում են ծնվել մեր շատ նշանավոր դերասաններ, աշխարհահառչակ մարզիկներ ու երաժիշտներ: Իհարկե, շատերս Գյումրի ու գյումրեցի ասելով, առաջինը հիշում ենք հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանին:
Մեծ դերասանի կյանքն ու անցած ուղին հավերժացնելու նպատակով էլ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2006 թվականին բացվում է Մհեր Մկրտչյանի թանգարանը:
Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը»,«Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կահույքը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, իրեր՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։
Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կան 270-ից ավելի լուսանկարներ։ Պահպանվել են Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։
Թանգարանի ցուցանմուշների մեջ առանձնանում է տիկնիկ խամաճիկը: Մհերի համար այդ տիկնիկը հոգու ընկեր էր, ում Մհերը վստահում էր իր հոգու ամենանուրբ գաղտնիքները: Խոսելով տիկնիկի հետ ՝ Մհերը բաց էր թողնում իր բացասական էներգիան և հանգստանում:
2007թ.-ին Մհեր Մկրտչյանի թոռնուհին` Իրեն Տերտերյանը, գալով Հայաստան, այս տիկնիկը նվիրեց թանգարանին:
Յուրահատուկ ցուցանմուշներից է նաև փղերի հավաքածուն, որը շատ է սիրել մեծ դերասանը:
Այս թանգարանը նվիրական վայր է ինչպես գյումրեցիների, այնպես էլ ամբողջ աշխարհի այն հայերի համար, ովքեր սիրում գնահատում ու հպարտանում են Մհեր Մկրտչյանով:
Հասցե՝ Ռուսթավելու փող., 30 շենք, Գյումրի
Հեռ.՝ +374-312-55174
Էլ հասցե՝ [email protected]
Թանգարանը բաց է ամեն օր,10-ից 17:00, բացի երկուշաբթի օրվանից:
Կայք՝ http://frunzikmuseum.com/hy/about-us/