Նոր տարին հրաշքների ժամանակն է: Ասվածը պարզապես խոսք չէ․ հրաշքը կարող է իրականություն դառնալ, երբեմն էլ մենք ինքներս կարող ենք այն իրականացնելու մասնիկ լինել։ Օրինակ՝ կարող ենք մեր անգամ փոքրիկ աջակցությամբ օգնել արցախցի հայրենակիցներին, ովքեր 2023-ին բռնի տեղահանվեցին հայրենիքից ու այսօր նրանցից շատերն անորոշության ու սոցիալական ծանր պայմաններում են։
Մենք մեկտեղել ենք այն բարեգործական կազմակերպություններին, որոնց ուղղված նվիրատվությունները կարող են մեծ աջակցություն լինել Արցախից տեղահանված անձանց համար:
Viva-ն բժշկական-բարեգործական հիմնադրամ է, որն ունի մեկ տասնյակից ավելի տարբեր աջակցության ծրագրեր: Այժմ ակտիվորեն Արցախի տեղահանված անձանց բժշկական, ինչպես նաև հումանիտար աջակցություն են ցուցաբերում ինչպես Երևանում, այնպես էլ երկրի հեռավոր շրջաններում: Դուք կարող եք նվիրատվություն կատարել կայքում ՝ «Ես ուզում եմ օգնել» կոճակի միջոցով։
Mission Armenia-ն փախստականների, անօթևանների, տարեցների, կանանց և խոցելի վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է: Դուք կարող եք նվիրատվություն անել կազմակերպությանը՝ կայքում առկա Donate կոճակի միջոցով:
Dopomoga – մարդասիրական նախագիծ, որի նպատակն է օգնել Արցախից տեղահանվածներին, փախստականներին Ուկրաինայից։ Ծրագրի թիմը տրամադրում է մարդասիրական օգնություն՝ կապված բնակարանի որոնման և աշխատանքի տեղավորման հետ, ինչպես նաև իրավաբանական և հոգեբանական աջակցություն է ցուցաբերում։ Ծրագրի թիմն զբաղվում է նաև ուսուցմամբ՝ անվճար լեզվի դասընթացներ տրամադրելով կարիքավորներին: Նվիրատվություն կարելի է կատարել պաշտոնական կայքի «Ուզում եմ օգնել» կոճակի միջոցով:
Ethos-բարեգործական հիմնադրամ է, որն օգնում է պատերազմից տուժած մարդկանց: Հիմնադրամի թիմը կանոնավոր օգնության հավաքներ է կազմակերպում Արցախից տեղահանված անձանց համար՝ ցուցաբերելով մարդասիրական օգնություն, ինչպես նաև աջակցություն աշխատանքի տեղավորման և բնակարանի հարցում: Նվիրատվությունը կարելի է կատարել հիմնադրամի պաշտոնական կայքում տեղադրված «Задонатить» կոճակի միջոցով:
Armenia Today-ի խմբագրությունը մեր հայրենակիցներին մաղթում է երջանիկ Նոր տարի:
Ռեգինա Մելիքյան