Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու կոչով դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
«Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլևս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ և գրոհ։ Ալիևի և նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։
Միջազգային հանրություն կոչվող «դանդուռով սալաթը» կրկին լուռ է։
Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաև վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։
Ու մի խնդրանք Պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել։
Պարզապես փակեք բերանը»,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ հակառակորդը Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում նախահարձակ մարտական գործողություններ է սկսել՝ Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ։
Ինչպես հայտնում է պաշտպանական գերատեսչությունը, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
Մարտական գործողությունները շարունակվում են: