Շոտլանդական «Ռեյնջերս» ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլի «Ալաշկերտ»-ի դեմ խաղի շրջանակներում Երևան չի ժամանել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է dailyrecord-ը: Նշվում է, որ պատճառը կորոնավիրուսով վարակված լինելն է:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ թիմի հայտացուցակից բացակայում են նաև Ջեյմս Տավերնիեն, Կելվին Բեյսին, Սքոթ Ռայթը, Ռայան Քենթը, Ալան Մաքգրեգորը և Ջոն Մակլաֆլինը:
Թիմի գլխավոր մարզչի պարտականությունները Երևանում կկատարի Սթիվեն Ջերարդի օգնականը՝ Գարի Մաքքալիստերը:
Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 4-րդ փուլի «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Առաջին խաղում շոտլանդական թիմն առավելության է հասել 1-0 հաշվով: