Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը: Այս տեղեկությունը հայտնել է ՄԻՊ-ը։
«Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:
Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ: Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել:
Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտն են շարունակվելու. հրաժարվել են բացել: Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,- գրել է ՄԻՊ-ը: