Armenia Today-ը բացառիկ կադրեր է ներկայացնում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի այրված գոտուց:
Ինչպես Armenia Today-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնում են համայնքի բնակիչները, կրակը ոչնչացնում է արոտավայրերը և լուրջ վտանգ է ներկայացնում նրանց կյանքի և ունեցվածքի համար: Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները միտումնավոր հրկիզում են արոտավայրերը Կութ և Սոթք գյուղերի տարածքում, որպեսզի տեղի բնակիչներին զրկեն կենդանիներին արածեցնելու հնարավորությունից: Նա նշել էր, որ հրդեհների հետևանքով, որոնք ընդլայնվել ու տարածվել են գյուղերի ուղղությամբ, այրվում են ոչ միայն գյուղացիների արոտավայրերը, այլև խոտը, որը նրանք հավաքել են ձմռան համար:
Պաշտպանը շեշտել էր, որ հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում գյուղերի խաղաղ բնակչության կյանքի և ունեցվածքի համար:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունն, իր հերթին, չորեքշաբթի հայտնել էր, որ Կութ գյուղի տարածքում հրդեհը մարելու համար ուղարկվել է հինգ օպերատիվ խումբ և երկու մարտական հաշվարկ: Հյուսիսարևելյան ուղղությամբ հրդեհի օջախը մեկուսացվել է օգոստոսի 31-ին՝ ժամը 21:20-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 00։58-ին: Այրվել է 100 հա խոտ:
Հարավարևելյան ուղղությամբ հրդեհի օջախը մեկուսացվել է օգոստոսի 31 -ին՝ ժամը 23:24-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 00։46-ին։ Այրվել է 60 հա խոտածածկույթ: Հրդեհի մարման աշխատանքներին հրշեջների հետ ակտիվորեն մասնակցել են տեղի բնակիչները: Մինչդեռ, ինչպես լրագրողներին ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ադրբեջանցիները շարունակում են միտումնավոր հրկիզել խոշորացված այս համայնքի չորս բնակավայրերի՝ Սոթքի, Կութի, Ազատի և Նորաբակի սահմանային արոտավայրերը:
Այդ նպատակով, Ավետյանի խոսքով, ադրբեջանցիներն օգտագործում են նաև անվադողեր՝ դրանք հրկիզելով և գլորելով բլուրներով: