Այս օրերին Վրաստանում անցկացվում են «Agile Spirit – 2019» բազմազգ զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 3000 զինծառայողներ ՆԱՏՕ-ի 14 անդամ պետություններից և այդ կազմակերպության գործընկեր երկրներից ՝ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Չեռնոգորիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից և Ուկրաինայից:
Զորավարժություններ են ընթանում Վրաստանի ՊՆ և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության զինված ուժերի համատեղ հրամանատարության ներք։ Agile Spirit զորավարժություններն անցկացվում են Վրաստանում արդեն իններորդ անգամ։
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ ներգրավված զինծառայողների և ռազմական տեխնիկայի թվով ներկա զորավարժությունները Երկու անգամ ավելի մասշտաբային են, քան անցյալ տարվա վարժանքները: Լևան Իզորիայի պնդմամբ զորավարժությունները կնպաստեն Վրաստան-ՆԱՏՕ համագործակվության խորացմանը, ինչը գործնականում հիմք կհանդիսանա Հյուսիսատլանտյան դաշինքին ապագա Վրաստանի ինտեգրման համար:
Հատկանշական է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի հերթական զորավարժությունները տեղի են ունենում ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրման պահին։ Եվ ակնհայտ է, որ նման միջոցառումներն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի դեմ, որը, ինչպես հայտնի է, կտրականապես դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Թբիլիսիի համագործակցության խորացմանը։
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ուղղակիորեն զգուշացրել է.
«Թբիլիսին պետք է կողմնորոշվի ՝ կամ նրանք ընտրում են Հարավային Կովկասում տարածաշրջանային բարենպաստության մթնոլորտի ստեղծումը, կամ եվրատլանտյան օրակարգը։ Դա միաժամանակ անելը բարդ է և հղի է լրջագույն հետևանքներով։ Հասկանալի է, որ եթե Հարավային Կովկասում զարգանա ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը, վաղ թե ուշ դա խնդիրներ կառաջացնի»։
Ակնհայտ է, որ ռուս բարձրաստիճան դիվանագետը նկատի ունի Վրաստանի համար առկա խնդիրները։ Ճիշտ է, դեռ պարզ չէ, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ Թբիլիսին այն բանից հետո, երբ Աբխազիան ու Հարավային Օսիան դե ֆակտո և դե յուրե անջատվեցին Վրաստանից։ Սակայն, մյուս կողմից, Վրաստանը շատ զգույշ է, որպեսզի չնյարդայնացնի հյուսիսային հարևանին։ Համենայնդեպս նա չի պատրաստվում հատել կարմիր գծերը։ Այդ մասին բազմիցս հայտարարել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին.
«Այս փուլում իրականությունն ու քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ, Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր չի ստացել»։
Հիշեցնենք, որ անդամակցության գործողությունների ծրագիրը դաշինքին նոր անդամների ընդունման պաշտոնական ծրագիրն է ։
Ակնհայտ է, որ տեսանելի ապագայում էլ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Թբիլիսիի ցանկությունը հազիվ թե իրականանա։
Հարավային Կովկասը մտնում է Ռուսաստանի կենսական շահերի գոտի։ Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված են ռուսական ռազմակայաններ։ Դժվար է պատկերացնել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկիրը, որը շրջապատված է ռուսական ռազմակայաններով։