Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Ըստ TACC-ի` այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունությունը հաստատվել է, պահպանվել, ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ չենք տեսնում որևէ բռնի գործողություն: Փոքր միջադեպերը, որոնք սկզբնական փուլում էին, արագ լուծվեցին: Եվս մեկ անգամ շեշտեմ. այնտեղ իրավիճակն այժմ կայուն է, չնայած, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվեցին Բաքվի և Երևանի հետ վերսկսել աշխատանքային ուղևորությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
«Օրերս երեք համանախագահներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով որ ես հասկանում եմ, նրանք պայմանավորվել են վերսկսել իրենց ուղևորությունները տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու և տեղում բանակցություններ վարելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ՝ հանդիպումներ Ստեփանակերտում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Ըստ հայտարարության կետերից մեկի՝ Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել ռուսական խաղաղապահ զորախումբ: