Իշխող ուժը՝ ՔՊ-ն, Առուշ Առուշանյանի հետ ներքին պայմանավորվածություն չունի: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե ՔՊ-ն Առուշ Առուշանյանի հետ պայմանավորվածություններ ունի։
«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Գորիսում շշուկներ են տարածվում, թե, իբր, Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե ինչ-որ հրաշքով Առուշն ընտրություններում հաղթի, նրան ազատ են արձակելու, և վերջինս հրաժարական է տալու: Նման պայմանավորվածություն չկա, և չի կարող լինել»,- պնդեց Վահագն Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվել էր։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Նշենք, որ Գորիսում ՏԻՄ ընտրություններ են նշանակված, և Առուշ Սռուշանյանն իր թեկնածությունն առաջադրել է։