Թուրքիայի արտգործնախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է ազատ չարձակել լիբանանահայ Համբիկ Սասունյանին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ermenihaber.am կայքը։
Համաձայն աղբյուրի՝ Թուրքիայի ԱԳՆ-ի թվիթթերյան պաշտոնական էջում հայտարարություն է հրապարակվել, որով կոչ է արվել ԱՄՆ-ին ազատ չարձակել Քեմալ Արըքանին սպանած Սասունյանին։ Ըստ հայտարարության՝ Սասունյանի ազատ արձակումը կարող է վատ նախադեպ լինել պաշտոնատար անձանց դեմ բռնության տարածման առումով։
Նշենք, որ 2019թ․ դեկտեմբերի 29-ին Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհուրդի որոշմամբ՝ Սասունյանին պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր տրվել։ Իսկ արդեն 2020թ․ հունվարի 27-ին տեղի ունեցած նիստում, չնայած Թուրքիայի բոլոր հորդորներին ու հայտարարություններին, Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։ Որոշումը դեռ պետք է հաստատվի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից, բացի այդ՝ այն ենթակա է նաև բողոքարկման։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր 1982թ․ հունվարի 28-ին՝ սեփական մեքենայում։
Սպանության պատասխանատվությունը ստանձնել էր «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը։ Հանցագործության իրականացման մեջ մեղադրանքով 1982թ․ ցմահ ազատազրկման էր դատապարտվել խմբի անդամ Համբիկ Սասունյանը, սակայն նա չէր ընդունել իր մեղքը։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը, որակավորելով այն ահաբեկչություն։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը։