Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչություն տեղի ունեցավ Ազգային ժողովում։ Մի խումբ զինված անձինք Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին նիստերի դահլիճ և կրակեցին խորհրդարանի ու կառավարության ղեկավարների ու անդամների վրա։ Հարձակման զոհ են դարձել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը։
Վեց ամբաստանյալներ՝ նախկին լրագրող և խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը և նրա եղբայր Կարեն Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման։ Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանություն և ահաբեկչություն։
2009 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի այգում բացվեց քանդակագործ Երվանդ Քոչարի 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։