«Տաշիր պիցցա» սննդի կետերը վերաբացվել են: Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում «Տաշիր պիցցա»-ի սննդի մի շարք կետերում արձանագրվել էր աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18 տարեկան էին:
Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել էին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», 1-ը՝ «Արարատի» ԲԿ-ում, 2-ը՝ «Մարտունու» ԲԿ-ում, 4-ը՝ «Աբովյանի» ԲԿ-ում և 2-ը՝ «Իջևանի» ԲԿ-ում: 09.11.2021թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացիոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:
Դեպքին անմիջապես արձագանքել են թե՛ ԱՆ ՀՎԿԱԿ, թե՛ ՍԱՏՄ տեսուչներն ու մասնագետները: ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ավելի ուշ պարզվել էին նաև թունավորման պատճառները: