Մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ քաղաքական մեծամասնությունը, ստորադասելով սեփական նեղ խմբային շահերը, արհամարհում է սահմանադրական կարգավորումները։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով ընդդիմության՝ ԱԺ քառօրյա նիստը բոյկոտելու այսօրվա որոշմանը՝ նա ասաց․ «Այս բողոքի նշանը նախազգուշական քայլ է, բայց որևէ ձևով չի նշանակում, որ խուսափելու ենք որևէ քննարկումից»։
Ինչ վերաբերում է մանդատները վայր դնելու հնարավորությանը՝ նա ասաց․
«Որևէ բան չի կաշկանդում մեզ վայր դնել մանդատը։ Մենք ասել ենք, որ մանդատներն օգտագործելու ենք բոլոր հնարավոր ելքերով, այդ թվում՝ այս իշխանությունների ապօրինությունները, ազգադավ լինելը բացահայտելու, հարցադրումներ անելու, ՍԴ դիմելու առումով։ Մենք իրականացնելու ենք բոլոր այն գործողությունները, որի հնարավորությունը տալիս է մանդատը։ Այո՛, մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնանպատակին՝ կփոխենք կապիտուլացված իշխանությանը, երկրում կվերականգնենք ազգային իշխանություն և կձևավորենք սահմանադրական կարգը։ Համոզված եղեք՝ մեր խմբակցության մեջ եղած 29 պատգամավորներից որևէ մեկը կաշկանդված չէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ», – ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա հայտնեց, որ շուտով հանդես են գալու մեկ այլ հայտարարությամբ։ Բնույթի մասին մանրամասներ չհայտնեց՝ հայտարարելով, որ սպասում են մեկ այլ գործողության։
Հիշեցնենք, որ այսօր ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են նիստը՝ հայտարարելով, որ անվտանգային խնդիրներն իշխանության առաջնահերթությունների մեջ չեն։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ մերժել էր սահմանային հարցերով արտահերթ նիստ գումարելու ընդդիմության դիմումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Ավելի վաղ հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ է տեղադրել, ավելի ուշ հայտարարվեց նաև, որ անցակետ է տեղադրվել նաև Կապան-Ճակատեն ավտոճանապարհին։