Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան հայտարարել են Իրանի կողմից իրանական միջուկային ծրագրի մասով Գործողությունների համատեղ ու համապարփակ ծրագրի շրջանակներում իր պարտավորությունների ամբողջական կատարման անհրաժեշտության մասին, ինչպես նաև խոստացել են դրա համար գործի դնել բոլոր հնարավոր մեխանիզմները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն երեք երկրների համատեղ հայտարարությունը տարածել է շաբաթ երեկոյան։
«Չափազանց կարևոր է հասնել ԳՀՀԾ-ի ամբողջական և իրական կատարմանը։ Իրանը պետք է անհապաղ վերադառնա գործարքի շրջանակներում իր բոլոր պարտավորությունների կատարմանը, – ասվում է հաղորդագրության մեջ ։ «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ գործի դնելու ԳՀՀԾ բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ վեճերի լուծման մեխանիզմը»:
ԱԳ նախարարներն ընդգծել են, որ «վճռական են շարունակելու ջանքերը համաձայնագրի շրջանակներում տարաձայնությունների դիվանագիտական կարգավորման ուղղությամբ»:
Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները ողջունել են Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի միացումն Իրանի հետ ֆինանսական հաշվարկների գծով ԵՄ INSTEX մեխանիզմին (Instrument in Support of Trade Exchanges, «առևտրային փոխանակումների աջակցման գործիք»):
«Այդ առաջընթացն ուժեղացնում է INSTEX – ը, ցույց է տալիս եվրոպացիների ջանքերը Եվրոպայի և Իրանի միջև օրինական առևտրին աջակցելու ուղղությամբ և հստակ մատնանշում Է ԳՀՀԾ-ի մեր անփոփոխ հանձնառությունը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 6-ին Իրանը սկսել է գազ ներկրել Ֆորդոյի օբյեկտում, ինչը փաստացի նշանակում է միջուկային գործարքի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ ու համապարփակ ծրագրի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և նավթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո:
2019 թվականի հունվարին Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան INSTEX մեխանիզմ են ստեղծել Իրանի հետ առեւտուր իրականացնելու համար՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները և ավելի ուշ այն գործարկել են փորձնական ռեժիմով: Իրանական կողմի վարկածով՝ եվրոպացիներն ամբողջությամբ չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, ուստի միջուկային գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի: