Դեռևս չի հաջողվում համընդհանուր համաձայնություններ ձևակերպել, բայց կարծում ենք, որ աշխատանքները շարունակվելու են։ Պլանավորում են առաջիկայում ևս հանդիպումներ անցկացնել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում փոխվարչապետերի մակարդակով տեղի ունեցած եռակողմ հանձնաժողովի նիստին, որի վերաբերյալ հաղորդագրություն չտարածվեց։ Նա նշեց, որ հստակեցումների դեպքում հանրությանը ևս կտեղեկացնեն առաջընթացների մասին, եթե դրանք, իհարկե, լինեն։
Իսկ թե ինչու համաձայնություն չի ստացվում ձեռք բերել, արդյոք պատճառն այն է, որ Հայաստանը դեմ է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «միջանցքին», նա ասաց․ «Ընդհանուր առմամբ, Հայաստանը որևէ միջանցքային տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկելու»։
Անդրադառնալով մաքսակետերին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ եթե Ադրբեջանը ցանկանա անցում կատարել դեպի ՀՀ, ապա սահմանային անցակետի բոլոր օրենսդրական պահանջները կատարելու է, նույնն էլ անելու է հայկական կողմը․ «Սա Հայաստանի մոտեցումն է ապաշրջափակմանը»։
Նա նշել է, որ հայկական կողմի առաջարկները ոչ թե սահմանազատման ու սահմանագծման մասին են, այլ վերաբերում են անվտանգության երաշխիքներին, որոնցով և հնարավոր կլինի իրականացնել այդ գործընթացը։ Նրա խոսքով՝ այս առումով դրական ազդակներ դեռ չեն ստացել։
Իշխանասարի հատվածում ադրբեջանական զինուժի հետքաշման հետ կապված Արմեն Գրիգորյանը նշեց՝ պաշտպանության նախարարությունը այս հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել է: Նա ՏԻՄ ներկայացուցիչներին կոչ արեց շատ մեծ պատասխանատվությամբ վերաբերվել անվտանգությանը վերաբերող որևէ հայտարարություն անելուն: «Սա ոչ միայն համայնքին է վերաբերում, բազմաթիվ պաշտոնյաներ կան, որոնց լիազորությունները որևէ ձևով չեն առնչվում այս հարցերին, բայց պարբերաբար հայտարարություններ են անում։ Ես կոչ կանեի վերջ տալ այս գործընթացներին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին:
Հիշեցնենք նաև, որ երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Armenia Today-ի հետ զրույցում փոխվարչապետի գրասենյակից երեկ հայտնել էին նաև, որ փոխվարչապետի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը: Մհեր Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, երկրորդ Եվրասիական համագումարին:
Հավելենք նաև, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը: Սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների վերաբերյալ երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել հանձնաժողով մինչև տարվա վերջ: