Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ին առաջին ընթերցումով քննարկել է ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
Գլխավոր քարտուղարի կամ վարչության պետի ու բաժնի պետի պաշտոններ զբաղեցնելու համար նախատեսված է հանրային ծառայության առնվազն 4 կամ 3 տարվա ստաժ: Պետական ծառայության համակարգում գլխավոր քարտուղարի, վարչության պետերի ու նրանց տեղակալների, բաժնի պետերի պաշտոնները, Գայանե Գաբրիելյանի խոսքով, համադրելի են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի հետ և այդ պաշտոնում կարող են նշանակվել համապատասխան հմտություններ ունեցող այն անձինք, որոնց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով թույլատրվում է զբաղեցնել հանրային ծառայության ղեկավար պաշտոններ:
Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմինների ընտրությանը:
Հաջորդ փոփոխությամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը վարձակալության կտրվի ոչ թե Կառավարության որոշմամբ, այլ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով:
ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը հավաստիացրել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի համար պահանջվող չափանիշների դյուրացման նպատակահարմարությունը ոլորտում որակյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն է։
Ընդդիմությունը դեմ արտահայտվեց նախագծին:
«Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ նախագծի նպատակն է իջեցնել ղեկավար պաշտոններում պաշտոնավարման իրավունքի ցենզերը։
«Հնարավարություն տալ ոչ մասնագիտական ունակություններ ունեցող անձանց զբաղեցնելու կոնկրետ պաշտոններ։ Հեղաշրջժան ժամանակ մարդկանց ղեկավար պաշտոններ են խոստացել, այս նախագծով իրականացնում են»,- նկատեց նա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Արծվիկ Մինասյանն անդրադարձել է պետական գույքի կառավարման հարցին: Ըստ խմբակցության քարտուղարի՝ այս նախագծով սահմանադրական առնչություն ունեցող իրավանորմ է փոխվում: Նա առաջարկել է չշտապել, համակարգային վերլուծության ենթարկել նախատեսվող կարգավորումները: