Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Ըստ նախագծի՝ Հայաստանում կսահմանափակվի դրամական միջոցների կանխիկ շրջանառությունը։
«Կանխիկի դրամաշրջանառությունը դրա արդյունքում կնվազի, քանի որ անկանխիկ գործառնությունները կլինեն ավելի շահավետ և մատչելի: Քաղաքացին ծառայություններ և ապրանքներ գնելիս պետք է կարողանա ցանկացած պահի իր մոտ առկա էլեկտրոնային միջոցներով, վճարային քարտերով, մոբայլ հնարավորություններով վճարում կատարել» ,-ասել է Ներսես Երիցյանը՝ շեշտելով, որ թե՛ պետությունը, թե՛ բանկերը, թե՛ նաև ֆինանսական կազմակերպություններն ու տնտեսվարող սուբյեկտները պետք է կարողանան ապահովել այդ իրավունքը։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքերով՝ փաթեթով նախատեսվում է կանխիկ շրջանառության սահմանափակումներ մտցնել։ Մասնավորապես՝ 2022 թվականից Հայաստանում առևտրի, ծառայությունների և բազմաթիվ այլ գործարքներ կարող են կատարվել միայն անկանխիկ եղանակով, եթե դրանց արժեքը գերազանցում է 300 հազար դրամը: Այլ կերպ ասած՝ նշված գումարից ավելի սուբյեկտների կողմից կատարվող բոլոր գնումները պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի օգտագործմամբ։
Երիցյանն ընդգծել է, որ առաջարկվող միջոցն ուղղված է ստվերային տնտեսության դեմ պայքարին և կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը: Երիցյանը նշել է, որ Ֆիզիկական անձանց կողմից կատարվող բոլոր գործողությունները կլինեն անվճար։ Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, ապա նրանց համար կկիրառվեն միջնորդավճարներ, ինչի կապակցությամբ Կենտրոնական բանկը կսահմանի սակագների վերին և ստորին սահմանները: