Մենք որոշակի ուղիղ կոնտակտ ունենք միջազգային կազմակերպությունների հետ։ Հաճախ դրանք պաշտոնական շփումներ չեն։ Մենք մեր կարծիքը կարող ենք այդ կերպ տեղ հասցնել, բայց հիմնական շփումները տեղի են ունենում ՀՀ-ի դիվանագիտական կորպուսի խողովակով։ Այս մասին իր տված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա հաստատեց, որ պատերազմից հետո Արցախի միջազգային մեկուսացումն ավելի է խորացել։ Ադրբեջանը դրա համար բոլոր ջանքերը գործադրում է։
«Մինչ այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն այցելել Լեռնային Ղարաբաղ։ Դա, իհարկե, Ադրբեջանի «շնորհքն է»․ նույնը ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պարագայում»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ ներկայացուցիչներն անգամ նշել են կոնկրետ ժամկետներ, սակայն այդպես էլ չեն եկել Արցախ։
Բեգլարյանի խոսքով՝ պատճառը Ադրբեջանի արգելափակումն է, իսկ միջազգային կազմակերպությունները ենթարկվում են Ադրբեջանի անօրինական քայլերին, թեև նրանց գործառույթների մեջ մտնում են մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդասիրական հարցերի լուծումը։ Մարդու իրավունքները պետք է առաջնահերթ լինեն։
Միևնույն ժամանակ, համանախագահների հասցեին Ալիևի ծաղրանքից հետո այս երկրները պետք է առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու ոչ միայն Արցախ այցելեին, այլև ճանաչեին Արցախի անկախությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման փաստը։
«Որքան ավելի շատ նրանք վախկոտ քաղաքականության ցուցաբերեն, այնքան ավելի շատ է Ադրբեջանը լկտիանալու»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
«Ես համոզված եմ, որ Արցախի ճանաչում լինելու է։ Դա մի քանի տարվա հարց չէ, այն երկարաժամկետ, միգուցե՝ տասնամյակների հարց»,- ասաց նա։
Ընդ որում, Բեգլարյանի կարծիքով՝ այն հնարավոր է, եթե ողջ հայությունը համապատասխան համառություն և պրոֆեսիոնալիզմ ունենա։