Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են SWIFT-ից անջատել մի քանի ռուսական բանկեր: Այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», նա խոստացել է կաթվածահար անել ՌԴ կենտրոնական բանկի ակտիվները և արգելել ռուս օլիգարխներին օգտագործել իրենց ֆինանսական միջոցները ԵՄ շուկաներում:
«Մենք պարտավորվում ենք SWIFT-ից անջատել ռուսական որոշակի քանակով բանկերի: Դա արդյունավետ կերպով կարգելափակի ռուսական արտահանումն ու ներմուծումը»,-Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը մեջբերում է հրատարակությունը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԵՀ-ի և Գերմանիայի բանակցությունների արդյունքում: Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ SWIFT-ից կանջատվեն այն բոլոր ռուսական բանկերը, որոնք արդեն հայտնվել են միջազգային հանրության պատժամիջոցների տակ, իսկ անհրաժեշտության դեպքում համակարգից կանջատվեն նաև ռուսական այլ բանկեր:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։